10

տարեկան ենք

966

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

08.09.16

Սեպտեմբերի 24-ին Վայոց Ձորի Խաչիկ համայնքում անցկացվելու է արդեն ավանդույթ դարձած Գաթայի փառատոնը: Փառատոնի մասին այսօր զրուցում ենք Սյունիք-Զարգացում հասարակական կազմակերպության երիտասարդական ծրագրերի համակարգող Արուս Ներսիսյանի հետ:

 

Ինչպե՞ս առաջացավ փառատոնը ստեղծելու գաղափարը:
Գաթայի փառատոնՓառատոնի գաղափարը առաջացել է 2 տարի առաջ: Այդ ժամանակ Մոլդովայում մասնակցում էի երիտասարդների փոխանակման ծրագրի, որի ժամանակ պետք է ներկայացնեինք հայկական ուտեստներ, խմիչքներ և մեր մշակույթը: Միջոցառմանը պատվով ներկայանալու համար որոշեցի խոհանոցում պատրաստել գաթա և հյուրասիրել օտարազգի ընկերներիս, ովքեր հավաքվել էին աշխարհի 7 երկրներից:
Գաթայի պատրաստման գործընթացը մեծ հետաքրքրություն առաջացրեց ընկերներիս մոտ, և գրեթե բոլորը հավանեցին անուշահամ գաթան:

Երբ վերադարձա Հայաստան Խաչիկ գյուղում պատրաստվում էին նշել համայնքի օրը: Համայնքի ղեկավարին՝ հայրիկիս, հորդորեցի տոնի հետ միասին կազմակերպել գաթայի փառատոն, քանզի Հայաստանում նման փառատոն դեռևս չէր իրականացվում: Առավել ևս, գյուղում ավանդույթ է եղել եկվորներին դիմավորել գաթաներով:
Մյուս հանգամանքն այն էր, որ գյուղը որպես տուրիստական ուղղություն զարգանալու մեծ հեռանկար ունի:

Գյուղը բավականին հեռու է մարզկենտրոնից և որպես տուրիստական ուղղություն այդքան էլ զարգացած չէ՝ չնայած գյուղն ունի էկո և ագրո տուրիզմի զարգացման բացառիկ պոտենցիալ:
Գյուղի դպրոցում առկա է կենցաղային իրերի փոքրիկ թանգարան, պահպանված է 1800-ական թվականներից մեզ հասած 2 հազարաշեն տուն՝ իրենց կահ-կարասիով: Գյուղն աչքի է ընկնում իր չափից դուրս հյուրասեր և կյանքով լեցուն, «սահմանապահ» մարդկանցով:
Հարուստ տեսարժան վայրերով և հին եկեղեցիներով այս գյուղում դեռևս պահպանված են ավանդույթները, հայերին բնորոշ բազմաթիվ հին իրեր, թանգարանային նմուշներ, որոնց շնորհիվ կարող ես զգալ ակունքներիդ շունչը:

Ովքե՞ր են փառատոնի կազմակերպիչները:
Փառատոնի անմիջական կազմակերպիչներն են Խաչիկի համայնքապետարանը, «Արենի» փառատոնի հիմնադրամը, Սյունիք-Զարգացում հասարակական կազմակերպությունը. www.syunikngo.weebly.com:
Համեստություն չեմ անի և կասեմ, որ բոլոր կազմակերպչական և տեխնիկական աշխատանքները ղեկավարել եմ ինքս:

Ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում անցկացնել փառատոնի ընթացքում:
Փառատոնի ընթացքում կարող եք անվճար համտեսել աշխարհի ամենամեծ գաթան:
Փառատոնը կմեկնարկի գաթայի օրհնության կարգով, որից հետո սպասվում են.
• Ազգային երգ ու պար
• Ազգային խաղեր
• Գաթայի պատրաստման մրցույթ
• Ձիավարություն
• Արիշտայի պատրաստում
• Օղու թորում
• Այցելություն գյուղի փոքրիկ թանգարան
• Գյուղին բնորոշ համեղ ճաշատեսակների և բարիքների համտես
• Էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի համտես և վաճառք
• Արհեստի և արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք
• Ելույթ կունենա Երևանի պետական կրկեսի անձնակազմը:

Ենթադրվում է, որ փառատոնի ընթացքում ներկայացվելու են տարբեր գաթաներ: Ովքե՞ր են պատրաստելու գաթա և որտեղի՞ց են վերցվելու բաղադրատոմսերը:
Փառատոնի ժամանակ ներկայացվելու են տարբեր գաթաներ՝ տարբեր համայնքներում և տարբեր բաղադրատոմսերով պատրաստված: Մեր տատիկներից փոխանցված հին բաղադրատոմսերը ևս կկիրառվեն:

Տեղական մարմինները և իշխանական այլ կառույցներն աջակցու՞մ են արդյոք փառատոնի կազմակերպման հարցում:
Տեղական ինքնակառավարման մարմիններից միայն Խաչիկի համայնքապետարանն է ակտիվ ներգրավված փառատոնի կազմակերպչական աշխատանքներին՝ տրամադրելով մարդկային և ֆինանսական ռեսուրսներ: Այս տարի Արենի փառատոնի հիմնադրամը ևս ներգրավվեց փառատոնի կազմակերպչական աշխատանքներին՝ կատարելով մի փոքր ներդրում ապահովելու փառատոնի գովազդն ու տեսանելիությունը, իսկ Սյունիք-Զարգացում ՀԿ-ն որպես տեղական կազմակերպություն աջակցում է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով:

Համագործակցու՞մ եք տուրիստական կազմակերպությունների հետ՝ զբոսաշրջիկներ ներգրավելու համար:
Գաթայի փառատոնի շրջանակներում ստեղծվել է տեղեկատվական փաթեթ, ինչպես նաև քարտեզ, տեղեկատվական բուկլետներ, գովազդային հոլովակ, որոնք ուղարկվել են Հայաստանում գործող տուրիստական կազմակերպություններին: Մենք բաց ենք ցանկացած համագործակցության և առաջարկությունների համար: Անցյալ տարի փառատոնին մասնակցած տուրիստական կազմակերպություններից եղել են այնպիսիք, որոնք այս տարի ևս շահագրգռված են մասնակցելու:
Գյուղը կարող է ապահովել գիշերակացով ավելի քան 50 զբոսաշրջիկների: Հյուրատները պատրաստ են մատուցել պատշաճ և մատչելի ծառայություններ:

Մոտակա ժամանակաշրջանում նախատեսում ենք իրականացնել մամուլի ասուլիս՝ լուսաբանելու փառատոնը և սպասվող միջոցառումները: Ասուլիսի ժամանակ ներկա կլինի նաև տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Ովքե՞ր կարող են մասնակցել փառատոնին: Մուտքն անվճա՞ր է, թե՞ պետք է հատուկ տոմսեր ձեռք բերել:
Փառատոնը անվճար բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են համտեսել աշխարհի ամենամեծ գաթան, ինչպես նաև համայնքին բնորոշ համեղ ճաշատեսակները և բարիքները, իսկ ցանկության դեպքում կարող են նաև կատարել գնումներ:

 

Գաթայի փառատոն

Ծրագրու՞մ եք նմանատիպ փառատոններ ՀՀ այլ մարզերում:
Առաջիկայում միայն պլանավորում ենք ընդլայնել գաթայի փառատոնի շրջանակները և այն ավելի զարգացնել:

Փառատոնի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ ֆեյսբուքյան էջից՝ https://web.facebook.com/GataFestival/:

 

Հարցազրույցը վարեց` Կ. Դավթյանը


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար