10

տարեկան ենք

1116

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

14.11.17

"Հայկական գանձեր" հավելվածը վիրտուալ տարածքում իրական է դարձնում ճանապարհորդությունները դեպի Հայաստանի և Արցախի եկեղեցիներ ու վանքեր:
Թեմայի շուրջ զրուցում ենք "Լոկատոր" ընկերության "Հայկական Գանձեր" նախագծի ղեկավար Էմիլ Ստեփանյանի հետ:

 

Երևի սկսենք այն հարցով, թե ինչու՞ հենց "Հայկական գանձեր":
Armenian TreasuresՆախագիծը իրենից ներկայացնում է ինտերակտիվ 3D ճանապարհորդությունների շարք դեպի հայկական պատմամշակութային կոթողներ: Կարծում եմ անվանումը լիովին համապատասխանում է նախագծի բնույթին, քանի որ այն մասսայականացնում է հայկական պատմամշակութային գանձերը՝ բացառիկ արժեքներ, որոնք պատկանում են ողջ հայությանը, որոնք մենք փոխանցում ենք սերնդեսերունդ և որոնցով հպարտանում ենք:

Ի՞նչ նպատակներ է հետապնդում նախագիծը:
Առաջնահերթ նշեմ, որ նախագծի շնորհիվ նպատակ ունենք տարածել հայկական մշակութային պատմությունը և դրանով իսկ ավելի ճանաչելի դարձնել մեր երկիրը: Նաև, կարծում ենք, որ նախագիծը հետաքրքիր կլինի հարյուր հազարավոր ծագումով հայ երիտասարդներին, որոնք դեռևս չեն այցելել Հայաստան՝ իրենց պատմական հայրենիքը: Այդ առումով նշեմ, որ արդեն 2-րդ տարին է, ինչ ՀՀ Սփյուռքի նախարարությունը ձեռք է բերում "Հայկական գանձեր" նախագծի DVD տարբերակները և ուղարկում է սփյուռքում գործող հայկական կիրակնօրյա դպրոցներ:
"Հայկական գանձեր" նախագիծը իր մեջ պարունակում է նաև թաքնված քարոզչական տարր՝ Արցախի հայկական պատկանելիության վերաբերյալ: Այդ առումով Գանձասարը, Ղազանչեցոցը և Արցախի բազմաթիվ այլ վանքերն ու եկեղեցիները, որոնք ապագայում կընդգրկվեն նախագծում, կստիպեն խնդրին անտեղյակ օտարազգիներին դուրս գալ մեր հարևան երկրի երկարամյա քարոզարշավի ազդեցությունից:
Եվ վերջապես, ցանկանում ենք ցույց տալ աշխարհին, որ Հայաստանը ոչ միայն հին պատմություն, այլ նաև զարգացած ՏՏ ոլորտ ունեցող երկիր է, որը բավականին հաջողություններ է գրանցել և որի հետ կարելի է համագործակցել:

"Հայկական գանձեր" նախագիծը ունի հուշանվերային թողարկում՝ գեղեցիկ, ձեռագործ տուփերով, որը լավագույնս է ներկայացնում ժամանակակից Հայաստանը՝ որպես հնագույն պատմություն և զարգացած ՏՏ ոլորտ ունեցող երկիր: Նաև նախագիծը ներկայացված է AppStore-ում, որպես "Armenian Treasures" հավելված: Հասանելի է 3 լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Հետագայում հնարավոր է ավելացնենք նաև այլ օտար լեզուներ:

Ո՞վ է նախագծի ղեկավարը:
Նախագծի համահեղինակը և ղեկավարը "Լոկատոր" ընկերության համահիմնադիր Վլադիմիր Սոֆյանն է: Նա հայկական բիզնեսի այն ներկայացուցիչներից է, ով ընկերության շահը միշտ փորձում է համատեղել Հայաստանի և հայ ժողովրդի շահի հետ: Բազմաթիվ կոմերցիոն նախագծերի հետ մեկտեղ "Լոկատորը" մշտապես իրականացնում է նախագծեր, որոնք, ինչպես, օրինակ, "Հայկական Գանձերը", ուղղված են հայկական մշակույթի և պատմության տարածմանը ողջ աշխարհում: Ունենք նաև ռազմական ոլորտի ՏՏ նախագծեր, բայց դրանց մասին մանրամասները թերևս հրապարակման ենթակա չեն:

Ի՞նչ պատմամշակութային արժեքներ է ներառում հավելվածը:
Առաջին ընտրված հուշարձանը եղել է Տաթևը՝ հարցումների արդյունքում ամենասիրված հայկական կոթողը: Այնուհետ ընտրվել են Արցախի Գանձասարը և Սուրբ Ամենափրկիչը, քանի որ աշխարհը պետք է իմանա, որ արցախցի հայերը ապրում են իրենց պապենական հողերի վրա: Հետագայում ներառվեցին արդեն նաև մնացած վեցը՝ Գառնի, Գեղարդ, Կեչարիս, Սևանավանք, Խոր Վիրապ և Նորավանք:
Մտադրվում ենք հավելվածում հետագայում ներառել Դադիվանքը, Սանահինը, Հաղպատը, Օձունը և Ախթալան: Իհարկե, շատ բան կախված է ֆինանսավորումից՝ նորագույն տեխնոլոգիաները թանկ հաճույք են: Այդ առումով հուշանվերների վաճառքը այն կարևորագույն աղբյուրներից է, որը կարող է ապահովել նախագծի անընդհատությունը: Դեռ բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ պետք է ներառվեն նախագծի "գանձարանում":

Որքա՞ն ժամանակ է պահանջվում մեկ հուշարձանը թվայնացնելու համար:
Երբ նոր էինք սկսում նախագիծը, մեկ հուշարձանի 3D ճանապարհորդությունը պատրաստում էինք մոտ 4 ամսում: Բայց ներկայումս՝ արդեն մոտ 1-1,5 ամսում, շնորհիվ մի քանի մասնագիտական գաղտնիքների և ձեռք բերած փորձի:

Որտեղի՞ց է վերցվել հավելվածում առկա տեղեկատվությունը: Ովքե՞ր են պատասխանատվություն կրում տեղեկատվության ճշմարտացիության հարցում:
Նախագծի ողջ բովանդակությունը ստուգված և հաստատված է համապատասխան պետական մարմինների կողմից: Ունենք վկայող փաստաթուղթ: Ստուգելուց և հաստատելուց հետո նախագիծը նույնիսկ ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կողմից ստացել է "օժանդակ ուսումնական նյութի" կարգավիճակ: Տեքստերը կարդում են արհեստավարժ խոսնակներ, երաժշտությունը գրված է հատուկ նախագծի համար:

Ինչ եք կարծում, կնպաստի՞ արդյոք "Հայկական Գանձերը" զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում:
Զբոսաշրջության զարգացման վրա ազդեցություն ունեցող բազմաթիվ գործոններ կան՝ սկսած ավիատոմսերի, հյուրանոցների գներից և վերջացած որակյալ ճանապարհներով և այլ հարմարեցված ենթակառուցվածքով: Բայց, ամեն դեպքում, ամեն ինչ սկսվում է երկրի մասին իմացությունից: Երկու տարվա ընթացքում AppStore-ի հազարավոր օգտատերեր մոտ 70 երկրից արդեն ներբեռնել են "Հայկական Գանձեր" (Armenian Treasures) հավելվածը և ծանոթացել հայկական պատմությանը և մշակույթին: Ունենք հիանալի մեկնաբանություններ այն օգտատերերից, որոնք մինչ այդ նույնիսկ Հայաստանի տեղը չգիտեին:

Ինչպիսի՞ արձագանքներ են կուտակվել նախագծի վերաբերյալ: Ձեր սպասելիքներն արդարացա՞ն:
Արձագանքները միանշանակ հիանալի են: Ուրախալի է այն փաստը, որ հայկական ԶԼՄ-ների մեծ մասը տևական ժամանակ լուսաբանեց նախագիծը, հրավիրեցին հեռուստահանդիպումների, հաղորդումներ պատրաստեցին: Օտարերկրացիները ուղղակի հիացած էին և զարմացած, քանի որ նրանցից շատ քչերը կարող էին իրենց երկրի վերաբերյալ նույնատիպ աշխատանք գտնել:
Իսկ ինչ վերաբերվում է սպասելիքներին, ապա նրանք վերջնականապես կիրականանան միայն այն դեպքում, երբ "Հայկական Գանձեր" նախագծում կներառվեն ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի բոլոր հայկական պատմամշակութային գանձերը:

 

Հայկական Գանձեր

Զբոսաշրջիկները որտեղի՞ց կարող են ձեռք բերել հուշանվերը և ի՞նչ գնով:
Ոչ միայն զբոսաշրջիկները, այլ նաև բոլոր հայաստանցիները, որոնք ցանկանում են ոչ ստանդարտ հուշանվեր մատուցել իրենց թանկագին հյուրերին և գործընկերներին, կարող են ձեռք բերել "Հայկական Գանձեր" 3D ճանապարհորդությունների հուշանվերային DVD տարբերակը բոլոր հայտնի հուշանվերների խանութներից՝ 8000-10000 դրամ գնային սահմանում: Մի քանի օրինակ ձեռք բերելու դեպքում շատ ավելի շահավետ կլինի կապվել ուղղակիորեն մեզ հետ, քանի որ այդ դեպքում գինը կկազմի 5000 դրամ: Այս և բոլոր այլ հարցերով կարելի է գրել նաև մեր "Armenian Treasures by Locator" ֆեյսբուքյան էջին, և մենք սիրով կպատասխանենք բոլոր հարցերին:

 

Հարցազրույցը վարեց` Կ. Դավթյանը


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար