10

տարեկան ենք

965

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 

Բոլոր հարցազրույցները


07.05.16

Հունիսի 4-ին և 5-ին Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում տեղի է ունենալու Էկոտուրիզմի առաջին փառատոնը: Փառատոնի մասին այսօր զրուցում ենք «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանի հետ:


Էկոտուրիզմի փառատոն 2016
 

 

 

 

 

 

 

 

Պարոն Գալստյան, ովքե՞ր են փառատոնի կազմակերպիչները:
Փառատոնի կազմակերպիչներն են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները:

Ինչո՞ւ հենց Գոմք և Մարտիրոս համայնքներում, ի՞նչ չափանիշներով եք կատարել ընտրությունը:
Գոմք և Մարտիրոս գյուղերն ունեն զբոսաշրջության զարգացման համար մեծ պոտենցիալ, սակայն քչերը գիտեն, թե ինչպիսի պատմամշակութային և բնության հուշարձաններ կան այս հատվածում: Այս տարածքն արշավային կյանքով ապրող մարդկանց համար նույնպես մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Կան շատ լավ պայմաններ ժայռամագլցում կազմակերպելու համար: Կենդանական և բուսական աշխարհի հարուստ ներկայությունը լավ հիմք է ստեղծում էկոզբոսաշրջային ծառայություններ մատուցելու համար:

Ինչպե՞ս առաջացավ փառատոն կազմակերպելու գաղափարը:
Գոմք և Մարտիրոս համայնքների հետ աշխատում ենք արդեն 2 տարի՝ իրականացնելով համայնքային զարգացման տարբեր ծրագրեր և փառատոնն այս դեպքում դիտարկում ենք որպես համայնքային զարգացման ծրագիր, որը հնարավորություն կտա այս հատվածի ճանաչելության բարձրացման միջոցով ակտիվացնել զբոսաշրջային հոսքն ու հնարավորություն ստեղծել տեղացիներին ունենալ որոշակի եկամուտի ակնկալիք:
Երբ տեղի բնակիչը շահագրգռված լինի իր բնությամբ հիացող զբոսաշրջիկների հոսքով, ինքնաբերաբար, այդ բնակիչը չի աղտոտի, չի ոչնչացնի այն բնական միջավայրը, որտեղ ապրում է, որից եկամուտ է ստանում: Համայնքի բնակիչը կսկսի մտածել բնության մասին հոգալու, բնական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու մասին:
Փաստացի, փառատոնի կազմակերպումը հեռանկարային նպատակներին հասնելու քայլերից մեկն է, որում կարևորում ենք յուրաքանչյուրիս մասնակցությունը: Այցելելով Գոմք, մասնակցելով փառատոնին` մեզնից յուրաքանչյուրը կամա-ակամա գյուղացու մեջ հույս է արթնացնում կյանքին այլ կերպ նայելու, գյուղատնտեսությունը վերաարժևորելու, բնության նկատմամբ վերաբերմունքը փոփոխելու առումով:

Հայաստանի բնության կենսաբազմազանությունը ի՞նչ առանձնահատկություններ ունի տարածաշրջանի մյուս երկրների հետ համեմատած:
Գոմք և Մարտիրոս գյուղերը գտնվում են Վայոց Ձորի մարզում, Վայքի լեռնաշղթայի արևմտյան լանջին, Վայքից հարավ արևելք, 14-20 կմ հեռավորության վրա: Համայնքների տարածքը հարուստ է կենսաբազմազանությամբ և մաս է կազմում միջազգայնորեն ճանաչված էկոլոգիական միջանցքի ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցանկում ներառված Կովկասյան ընձառյուծի (Panthera pardus), բեզոարյան այծի (Capra aegagrus), Հայկական մուֆլոնի (Ovis orientailis) և այլ կենդանատեսակների համար: Տարածքն ունի նաև հարուստ բուսական աշխարհ:

Այս փառատոնը որքանո՞վ կնպաստի տարածաշրջանում և Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:
Ինչպես նշեցի, շուրջ երկու տարի աշխատել ենք նշված համայնքներում: Բնակիչների հետ աշխատանքներ ենք տարել, ակտիվ համագործակցում ենք տեղի դպրոցների հետ՝ իրականացնելով մի շարք ծրագրեր, գծանշել ենք զբոսաշրջային երթուղիներ, կառուցել ենք ժայռամագլցման արահետներ:
Այսպիսի գործ անելուց շատ կարևոր է հաշվի առնել երկու հիմնական չափանիշ՝
1/ ինչ մնաց/փոխվեց համայնքում,
2/ ինչ վարքային փոփոխություններ ի հայտ եկան բնակիչների մեջ:
Շատ կարևոր է, որ այս փոփոխությունները լինեն կայուն, երկարաժամկետ և ունենան զարգացման միտում:
Անդրադառնալով առաջին կետին՝ ցանկանում եմ որպես օրինակ նշել, որ համայնքում փոփոխությունը պետք է լինի ենթակառուցվածքների բարելավման կամ ստեղծման ձևով: Մենք արդեն իսկ կառուցել ենք ժայռամագլցման արահետներ և առաջիկայում կստեղծենք նաև խմբակ: Պլանավորում ենք կազմակերպել աղբահանման գործուն համակարգ, աջակցել տեղում ՓՄՁ-ների զարգացմանը, նպաստել բիզնես ներդրումների հոսքին:
Անդրադառնալով երկրորդ կետին՝ կնշեմ բնակիչների մոտ բնապահպանական գիտակցության բարձրացումը, որի արդյունքում հնարավոր կլինի և՛ աղբահանման համակարգի գործունեության ապահովումը, և՛ որսագողության դեպքերի կանխարգելումը, և՛ օրգանական գյուղատնտեսության մասին պատկերացում կազմելը: Կարևոր է նաև զբոսաշրջիկների նկատմամբ ճիշտ վարքի ու վերաբերմունքի ձևավորումը:
Այս ամենն այսքան մանրամասն նշում եմ՝ ցույց տալու համար, որ փառատոնն ինքնանպատակ չի կազմակերպվում և այն մի մեծ գաղափարի փոքր, բայց շատ կարևոր մասն է կազմում:
Կարծում եմ, որ տարածաշրջանի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման վրա ազդեցությունը գնահատելն այս փուլում իրատեսական չէ, քանի որ այդ ազդեցությունը տեսանելի և էական դարձնելու համար դեռ շատ աշխատանք պետք է տարվի:

Փառատոնին արտերկրից հյուրերի սպասո՞ւմ եք:
Այս տարի մեր հիմնական թիրախը ներքին տուրիզմով զբաղվողներն են, չնայած, որ արտերկրից նույնպես հետաքրքրություն կա: Մեկ-երկու փոքր խմբեր լինելու են: Մյուս տարի պլանավորում ենք ակտիվ համագործակցություն հայկական զբոսաշրջային կազմակերպությունների հետ՝ արտերկրից էլ ավելի մեծ թվով հյուրեր ունենալու համար, բայց մինչ այդ հարկավոր է դեռ զարգացնել համայնքների կարողությունները՝ այդպիսի հոսքը սպասարկելու համար:

Լայն հանրությունը ինչպե՞ս է տեղեկացվելու փառատոնի անցկացման օրվա մասին: Նախատեսվո՞ւմ է լայնածավալ լուսաբանում բոլոր լրատվամիջոցներով՝ սոցկայքերում չգրանցված այն մարդկանց համար, ովքեր որպես ինֆորմացիայի աղբյուր ընդունում են հեռուստաեթերը:
Այս պահին տեղեկատվությունը տարածում ենք Facebook-ի միջոցով, ունենք և խումբ, և միջոցառման էջ՝ Էկոտուրիզմի փառատոն / Ecotourism Festival in Armenia https://goo.gl/DBPIUM հասցեով:
Փառատոնին մասնակցելու համար յուրաքանչյուրը կարող է գրանցվել՝ անցնելով այս հղմամբ. https://goo.gl/0wvPRn:
Նախատեսում ենք կազմակերպել մամուլի ասուլիս, իսկ մայիսի կեսերից հեռուստաընկերություններով նույնպես կներկայացնենք:
ԶԼՄ-ներին առաջարկում ենք նաև համագործակցել որպես ինֆորմացիոն աջակից՝ այդպիսով տարածելով «Էկոտուրիզմի փառատոն»-ի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը:

Փառատոնի կազմակերպմանը պետական աջակցություն առկա՞ է, թե՞ հովանավորներն են ձեռք մեկնել:
Փառատոնի կազմակերպմանն առաջին հերթին աջակցում են Գոմքի և Մարտիրոսի տեղական ինքնակառավարման մարմինները, Վայոց Ձոր մարզի մարզպետարանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչությունը: Նշանակալից նյութատեխնիկական աջակցություն է ցույց տալիս Բնապահպանության նախարարությունը:

Պլանավորո՞ւմ եք նմանատիպ փառատոններ ՀՀ այլ մարզերում:
Յուրաքանչյուր միջոցառում պետք է ունենա իր դերն ու նշանակությունը: Ուրախ կլինենք համագործակցել և փորձի փոխանակում իրականացնել համայնքային ակտիվ խմբերի և կազմակերպությունների հետ: Հարուստ փորձ ունենալով հանդերձ՝ մենք չենք կենտրոնացել փառատոնների կազմակերպման գործին, մեր խնդիրը համայնքային ծարգացման ծրագրերի իրականացումն է և փառատոնը դիտարկում ենք որպես համայնքը զարգացնելու արդյունավետ գործիք:

Ո՞ւր է ուղղվելու փառատոնից ստացված շահույթը:
Փառատոնից ստացված շահույթն ամբողջությամբ ներդրվելու է համայնքային ենթակառուցվածքների բարելավման համար: Իրականացվող ցանկացած փոփոխություն պետք է համայնքի բնակիչների համար նկատելի լինի: Արդեն իսկ բավական ծախսեր կատարել ենք Գոմքը զբոսաշրջիկների հոսքին նախապատրաստելու համար: Այս պահին ունենք հետևյալ առաջնահերթությունները․
-աջակցել բնակիչներին իրենց տներում ապահովել B&B ծառայության մատուցումը,
-աջակցել ձիարշավարանի և ձիերի համար այլ հարմարությունների կառուցմանը:

Փառատոնի ընթացքում անցկացվելիք միջոցառումներին և դրանց ժամանակագրությանը ծանոթացեք այս հղումով. https://www.trip2.am/am/mp/4396.html

Էկոտուրիզմի փառատոն
Էկոտուրիզմի փառատոն 2016


Հարցազրույցը վարեց` Կ. Դավթյանը


Բոլոր հարցազրույցները
 


Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար